ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՇՎԱԾ ԿՐԵԴՈՆԵՐԻ ԱՇՈՒՆԸ
Աստծո անցած յոթ օրը Հայաստանո՞ւմ: Դուք որտե՞ղ էիք, որ տեղյակ չեք, իսկ եթե տեղյակ եք, հորդորում եմ` մի՛ կարդացեք այս շարադրանքը, որովհետև այս ամենը գիտեն բոլորը, ուղղակի ոմանց ավելի ձեռնտու է «չիմանալը»:
Կառավարության որոշմանը հնազանդ` սեպտեմբերի 15-ին, երեքշաբթի օրը, եռօրյա նիստով աշխատանքները սկսեց Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Սկանդալային երեք օր խորհրդարանում, որտեղ վաղուց սկանդալներն էլ այլ իմաստ ու նշանակություն ունեն:
Օրենքի տառի մասնագետ ու պաշտպան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել ԿԸՀ` առաջարկելով պատգամավորական մանդատից զրկել Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին. նրանց հանդեպ ուժի մեջ է մտել մարտի 1-ի իրադարձությունների գործով դատարանի վճիռը: ԿԸՀ-ն անմիջապես կատարել է նրա առաջարկը` երեք պատգամավորներն էլ մանդատից զրկվել են: Մեծամասնական 8 և 20 ընտրատարածքներում դեկտեմբերի 6-ին նշանակվել են նոր ընտրություններ, իսկ «համամասնական» Մյասնիկ Մալխասյանին փոխարինել է Հովհաննես Սահակյանը: Ամեն ինչ օրենքի և իրավունքի շրջանակներում, սխալ` ոչինչ: Ինչո՞ւ մարտի 1-ի իրադարձությունների համար մեղավոր նշանակվեցին այդ պատգամավորները, որ ոչ մեկին չէին սպանել, սադրել, իշխանափոխություն չէին արել:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տիկնոջ` Նատալյա Նալբանդյանի նախագահությամբ ստեղծվել է «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիան, որի նպատակն է դյուրացնել արտասահմանցի դիվանագետների ընտանիքների ինտեգրումը հայաստանյան կյանքում` նրանց կեցությունը Հայաստանում հնարավորինս տանելի դարձնելով:
Նախատեսվում է հայ դիվանագետների ընտանիքների, հայ մշակութային, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներով նրանց ծանոթացնել Հայաստանին. կկազմակերպվեն էքսկուրսիաներ, համերգներ: Հոկտեմբերից Երևանում ապրող օտարերկրյա դիվանագետների կանանց և կին դիվանագետների համար ասոցիացիան կազմակերպելու է հայերենի ուսուցման անվճար դասընթացներ: Իսկ որտե՞ղ է Նանի Օսկանյանը:
Անգործ չէր և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ավելին` անխռով ու անվրդով նախարարը «քիչիկ մը» զայրացած էր. համենայն դեպս, նա բավականին կտրուկ արձագանքեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչև չլուծվի ղարաբաղյան խնդիրը: Նալբանդյանը ոչ դիվանագիտորեն ասաց. «Փորձելով կապել երկու գործընթացները, կարելի է ձախողել թե՛ մեկը, թե՛ մյուսը»: Այսինքն` Հայաստանը բացառում է հայ-թուրքական կարգավորման պայմանավորումը Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման քայլերով և վստահություն է հայտնել, որ թուրքական կողմը գիտակցում է դա: Այդ դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, նաև Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների պետք է լինի: Նախարարն իր ոչ դիվանագիտության մեջ հետևողականորեն առաջ գնաց` հիշեցնելով, որ այդ փոխըմբռնմամբ են վարվել բանակցությունները և կայացվել փոխհամաձայնությունները: Ավելին` «Եթե Թուրքիայի ղեկավարությունը խնդիրներ ունի` կապված փաստաթղթերի ստորագրման հետ, չպետք է փորձի դրանք լուծել նախաստորագրված փաստաթղթերի ոգուն, տառին և նպատակներին հակառակ»: Հասկանանք նախարարին` գործընկերները գցում են` օրը մի հայտարարություն հնչեցնելով, որ հակասում է «ոգուն, տառին ու նպատակներին», հայրենակիցները նախարարության դռների առաջ հացադուլում ու նստացույցում են, պատգամավորները հռետորական հարցեր են հնչեցնում, ով պատահի` հայ-թուրքական հարցի մասնագետ է դարձել, ու դա դեռ քիչ է դասախոս Նալբանդյանի համար: Ինչո՞ւ թողեց Փարիզն ու եկավ վայրենի Հայաստան...
ՀՅԴ նախաձեռնող խումբը համառորեն դիմում է հայրենակիցներին` կոչ անելով գալ Հանրապետության հրապարակ, միանալ «Թուրքիայի նախապայմաններին` ո՛չ: Չուրանանք, չզիջենք, ընդվզենք» ստորագրահավաքին, «ո՛չ» ասել, այն էլ` վճռական, հանուն Հայաստանի ու հայության: Հրապարակում ոստիկանների շատ հոգատար հսկողության ներքո նաև նստացույց ու հացադուլ է: Ընդհանրապես, այս ամբողջ իրողություններում ոստիկանները հիացնում են` նրանք այնքան են փոխվել մեկ տարվա մեջ, որ բոլորովին չեն հիշեցնում Հյուսիսային պողոտայում նույնիսկ քայլել արգելող իրավապահներին: ՈՒղղակի ապշեցուցիչ է հայ ոստիկանի իրավագիտակցության թռիչքը` ընդդիմության խնդիրների ու նպատակների ինչ ըմբռնում ու ինչ համահնչունություն, ինչպիսի համապատասխանություն եվրոպական չափանիշներին: Սա սովորական հրաշք է աշնանային Երևանի փողոցներում, որը ոչ ոք չի նկատում, մինչդեռ բոլորս պիտի հասկանանք ազգային ընդդիմության ուժն ու տարբերությունն արմատական ընդդիմությունից, որ միայն հրահրում, սադրում ու խառնակում, անկայունություն է տարածում շուրջբոլորը` ոստիկաններին էլ անտեղի վարկաբեկելով: ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես ոչ ոք, հասկացավ ՀՅԴ-ին ու միացավ ստորագրահավաքին: Ո՞վ էր ասում, որ նա հրաժարական է տվել քաղաքականությունից, «տերը» հոգնել է իր ունեցվածքից, ուզում է ուրիշներին ժառանգել իր` իր համար անօգտագործելի «Ժառանգությունը»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն, ի տարբերություն Էդ-վարդ Նալբանդյանի, ավելի փիլիսոփայորեն է վերաբերվում իր գործին: Սեպտեմբերի 15-ին նա մարգարեացել է` «Ընդդիմության տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումից, ինչը բնական է»: Նախարարի հետ հանդիպումից հետո խորհրդարանի «Բարգավաճում» (փաստորեն, մեր հարևաններն էլ են «բարգավաճ»-ում) կուսակցության առաջնորդ Նուման Քուրթուլուշը Հայաստանի հետ սահմանի բացումը ճիշտ չի համարում, քանի դեռ չեն ազատագրվել Ադրբեջանի գրավյալ տարածքները: «Եթե Թուքիան սխալ քայլեր անի հայկական հարցում, ի հայտ կգան խնդիրներ Ադրբեջանի հետ, հօդս կցնդի այն մարտավարությունը, որ Անկարան փորձում է իրականացնել Կովկասում»: Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալն էլ պնդել է, որ արձանագրություններում շատ դրույթներ երկիմաստ են` ակնարկներ չկան Ադրբեջանի գրավյալ տարածքների, Կարսի համաձայնագիրը ճանաչելու մասին, որևէ հստակություն չկա «այսպես կոչված ցեղասպանության շուրջ պնդումների վերաբերյալ»: Այսինքն` վերցրել ու հակառակի պես հաստատել է այն կասկածները, որ այդ ակնարկները հենց այդ փաստերին են վերաբերում:
Այնուամենայնիվ, սկանդալային ժամանակագրության կենտրոնը Ազգային ժողովն է մնում: Դեռ չէին հասցրել պատգամավորները բնակեցնել իրենց նոր աշխատասենյակները, տնավորվել նոր մասնաշենքում, երբ հերթական ու արտահերթ նիստերով նրանց ներկայացրին մարտի 1-ի հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը: 138 էջ կարդաց Սամվել Նիկոյանը (իսկ դուք կկարողանայի՞ք) խորհրդարանի ամբիոնից: Լիքը-կիսադատարկ-համարյա դատարկ ու դատարկ դահլիճում: Պատգամավորների բուռն ու հետզհետե նվազող ուշադրության կենտրոնը լինելուց բացի` լինելով նաև լրագրողների անպատկառ հարցերի թիրախը (ինչո՞ւ, ընդհանրապես, չեն արգելում նրանց մուտքը խորհրդարան նիստերի օրերին): Ո՞վ գնահատեց նրա տիտանական աշխատանքը: Մարդու իրավունքների պաշտպանն ասաց` զեկույցում հավասարակշռությունը պահպանված չէ, սկզբից մինչև վերջ խնայել են դատախազությանը, բացասական օրինակները միայն ընդդիմությունից են բերված, խոսք չկա, որ արտակարգ դրությունը տարածվեց հիմնականում ընդդիմադիր լրատվամիջոցների վրա, մահվան 10 դեպքերի վերաբերյալ շատ մեղմ վերաբերմունք է դրսևորված, թեև ճիշտ է ներկայացվել մարտի 1-ի պատճառահետևանքային կապը, բայց զեկույցում որոշակիություն չկա... «Ժառանգությունն» էլ (փոխանակ պարզի` որտե՞ղ է ու ի՞նչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը) վերցրեց ու հայտարարեց, թե նոր հանձնաժողով է պետք, իբր հնին շատ էր բանի տեղ դնում: Նոր հանձնաժողով, որ կունենա իրական լիազորություններ, պատվիրակված հնարավորություն` նաև հետաքննություն իրականացնելու: ՀՅԴ-ն էլ որոշեց իրեն ընդդիմության տեղ դնել ու հայտարարեց` մենք կընդառաջենք ու կքննարկենք մեր գործընկերների առաջարկը: Չկա, չկա աշխարհում արդարություն: Ի՞նչ էր մտածում հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, երբ զեկույցի սկզբում հայտարարում էր` «Հանձնաժողովը գիտակցում է այս փաստաթղթի ամբողջ կարևորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման, հասարակական համաձայնության և օր առաջ միասնական մթնոլորտի հաստատման գործում, առաջնորդվում էր անհանդուրժողականությունն ու թշնամանքը Հայաստանի քաղաքական դաշտից արմատախիլ անելու ցանկությամբ»: Չէ՞ որ ամբողջ զեկույցն իր իսկ խոսքերի հակասումն էր, իսկ վերջնատողերը` գագաթնակետը... Ստացվում է` իշխանությունը տուժել է, ընդդիմությունը մեղավոր է: Է, ո՞վ չգիտեր դա, որ մեկ տարի աշխատելուց հետո գյուտ արեց հանձնաժողովը: Ի՞նչ հարցի պատասխանեց հանձնաժողովը: Գտնվե՞ց գեթ մեկ մարդ, որ փաստերի հիման վրա մեղադրվեց կամ արդարացվեց: Ո՛չ: Հանձնաժողովը նման խնդիր չուներ: Հանձնաժողովի ստեղծման 2-րդ կետի բ ենթակետով զոհվածների մահվան հանգամանքները պիտի ճշտվեին, ճշտվեցի՞ն: ՈՒրեմն, ինչպե՞ս ՀԱԿ-ը չհայտարարեր, որ «հանձնաժողովը ծնել է վուլգար բարոյախոսությամբ և քաղաքական գնահատականներով լի մի հայտարարություն»: Որ` «Մարտի 1-ի սպանդի և այլ իրադարձությունների բացահայտման խնդիրը, որպես հասարակությունը բարոյապես քայքայող գործոն, նույն սրությամբ շարունակում է մնալ Հայաստանի ներքաղաքական օրակարգում, և ՀԱԿ-ը հետևողականորեն շարունակելու է իրականությունը բացահայտելու և հանրությանը ներկայացնելու իր գործը»: ՀԱԿ-ին էլ է պետք հասկանալ: Այս փոխադարձ խլության պարագայում կամ շատ շուտ, կամ շատ ուշ է խոսել հանդուրժողականության մասին:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահը հանդիպեց 52 կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք ընդունել էին նրա հրավերը` քննարկելու հայ-թուրքական արձանագրությունները: Այս անգամ «Ժառանգությունը» չէր ներկայացել քննարկման, համարելով, որ արձանագրությունները փոփոխման ենթակա չեն, ուրեմն, ի՞նչը քննարկես: ՀԱԿ-ն էլ քննարկումը որակեց իմիտացիա: Բայց քննարկելիք կար: Ի՞նչ է եղել հինգ ժամ մարզահամերգային համալիրում, խիստ կանխատեսելի է, մանավանդ` նախագահի ելույթը հրապարակվել է: Նախագահը կոչ է արել ամենատարբեր ձևաչափերով քննարկումների, որոնց նաև ինքն է մասնակցելու (ավելին` նա նույնիսկ այդ հարցը քննարկելու է սփյուռքյան գաղթօջախներում). «Անշուշտ, ես էլ եմ տեսնում ռիսկեր, ես էլ ունեմ մտահոգություններ», ասել է Սերժ Սարգսյանը և հավելել. «Հրավիրելով Թուրքիայի նախագահին Հայաստան և նախաձեռնելով այս ողջ գործընթացը` ես նպատակ եմ հետապնդել բացել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը Հայաստանի և Թուրքիայի համար, ցույց տալ, որ ցեղասպանության արհավիրքով անցած ժողովուրդը և Հայաստան երկիրը կանգուն է և տեր է իր ժողովրդի ցավին, իրականում բավարար ուժ ունի առաջինը ձեռք մեկնելու և աշխարհի զարգացման ընթացքին հակընդդեմ շարժվելու անիմաստությունը մատնացույց անելու»: Ինչ գեղեցիկ է, չէ՞, գրված, ինչ վեհացնող, ինչ գլոբալացված... Իսկ ընդամենը նշանակում է` ես գիտեի, որ Գյուլը կգա Հայաստան ու հրավիրեցի, ինքն էլ գիտեր, որ գալու է ու եկավ: Երկուսս էլ գիտենք, որ հարաբերություններ պիտի հաստատենք: Դուք էլ գիտեք: Վե՛րջ:
Մնացածը` ըստ տեքստի: Բայց զարմանալին դա չէ, այլ Վազգեն Մանուկյանը: Հանրային խորհրդի ներկա նախագահը մի տասնամյակ անց այս օրերի մասին իր երջանիկ ժամանակակիցներին պատմելու է, որ ինքն էր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ակունքներում, ինքն էր Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ճիշտ տարբերակի հեղինակը, ինքն էր Արամ Մանուկյանի արձանի ներշնչողը, բայց, ինչպես միշտ, իրեն չլսեցին կամ ասածի կեսը լսեցին, ու արձանը կիսանդրի դարձավ, ի՛նքն էր, ի՛նքն էր, ի՛նքն էր... Այդ ընթացքում հաստատ ինչ-որ իրադարձություններ եղած կլինեն, որոնց ինքը խանգարած կլինի ու կդառնա դրանց լիիրավ «հեղինակը»: Չե՞ք հավատում, հիմա, օրինակ, Վազգեն Մանուկյանը, ՀՀՇ-ի իշխանության ժամանակները հիշելով, պատմում է. «Ես էի, որ «Թուրքիայի հետ նոր քաղաքականություն» գաղափարը մտցնում էի շարժման մեջ ու «Ղարաբաղ» կոմիտե: Պնդում էի, որ, առանց հրաժարվելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից ու Հայ Դատից, պետք է կարողանանք Թուրքիայի հետ մտնել նոր փոխհարաբերությունների մեջ, քանի որ դա են պահանջում մեր պետական ու ազգային շահերը: Այդ տարիներին և՛ երկրի նախագահը, և՛ վարչապետը Թուրքիայի հետ ոչ հրապարակային բանակցություններ էին վարում: Բանակցությունները նույն կերպ վարվել են նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում, և այդ տարիներին քննարկվել է նաև այն թուղթը, որն օրերս ստորագրվել է Շվեյցարիայում»:
Տարիներ անց նա գուցե հրաժարվի, բայց այսօր համոզված է, որ արձանագրություններում Ղարաբաղի հարց չկա: ՈՒ անմիջապես հաստատում է, թե հենց Թուրքիան ղարաբաղյան հարցը կապեց հայ-թուրքական հարաբերությունների հետ, հայտնվեց ծուղակում, ձեռքերը կապվեցին: Իսկ ամենակարևորը` որ «Հայաստանը սկսում է նոր քաղաքականություն, առանց որի խեղդվելու էր»: Սահմանի բացումն էլ քաղաքական կրեդո է: Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը:
Միևնույն է` Վազգեն Մանուկյանն ինչ էլ անի, չի հասնի ԱԺ նախագահին: Հովիկ Աբրահամյանն էլի ցնցեց իր հերթական ուղերձով` այս անգամ սեպտեմբերի 15-ի առիթով, որը, պարզվում է, ամբողջ մի տարի Ժողովրդավարության միջազգային օրն է եղել: Ամենայն հավանականությամբ` Հովիկ Աբրահամյանն իր ուղերձն ուղղել է իրեն, այլապես ո՞ւմ է համոզում, որ «Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը ձևավորող կարևորագույն հիմնադրույթներից մեկն է: Այսօր մեր երկրում առկա են բոլոր նախադրյալները` ժողովրդավարությունն ամրապնդելու և զարգացնելու համար»: Ո՞Ւմ է ուսուցանում, որ «ժողովրդավարությունը մեկ օրում չի կարող հաստատվել: Ժողովրդավարության կայացման համար անհրաժեշտ է լուրջ ջանքեր կիրառել քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղղությամբ: Այդ իսկ պատճառով Հայաստանի օրենսդիրները պետք է ջանք ու եռանդ չխնայեն քաղաքացիական հասարակության բոլոր դերակատարների, հատկապես, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ամրապնդմանը նպաստելու համար»: Եթե այս տաֆտալոգիան ինչ-որ մեկին պետք է, ապա միայն ԱԺ նախագահին, որովհետև հայ օրենսդիրները վաղուց ժողովրդավարությունը Հայաստանում ոչ միայն հաստատել, այլև զարգացրել ու կատարելագործել են, նույնիսկ հասցրել են այդ «միջազգային ժողովրդավարության» չափանիշները մի քանի անգամ խախտել ու վերականգնել: Իսկ թե ինչպես է Հովիկ Աբրահամյանն ամրապնդելու քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, նույնիսկ հետաքրքիր է... Կամ` Հովիկ Աբրահամյանը Ժողովրդավարության միջազգային օրվա առիթով երակներում ընդդիմադիր արյան հոսք է զգացել ու հասկացել է Հայաստանում ժողովրդավարության վիճակը իրական ու իրավական հարթություններում, կամ փոխել է պետք ԱԺ նախագահի աշխատասենյակի օրացույցը. արդեն 2009 թվականն է...
Սեպտեմբերի 18-ին ՀԱԿ-ը հանրահավաք արեց: Իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ տնտեսությանը, ժողովրդավարությանն ու օրինականությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղին ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին: Հանրահավաքի մասնակիցների թիվն ակնհայտ դարձրեց լրատվամիջոցների ապարդյունությունը` Երևանի ու Հայաստանի բնակչության մեծամասնությունը նախընտրում է ուղղակի խոսքը միջնորդավորվածից: Եվ եթե ուղղակի խոսքը ոչ բոլոր նախընտրողներն էին հանրահավաքի եկել, ժամանակի ու տարածության անհամապատասխանության դեպք էր:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ